Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց այն մեղադրանքներին, թե 10 եպիսկոպոսների հետ հայտարարություն ստորագրելով՝ խախտել է սահմանադրական կարգը։ Նա մեղադրանքները որակեց «փարիսեցիություն» և հայտարարեց, որ դրանք որևէ հիմք չունեն։
Վարչապետը դիմեց իրեն մեղադրողներին՝ մեջբերելով 63-րդ Սաղմոսից մի հատված։
«Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ սաղմոսը այդ հարցի պատասխանը տալիս է:
«Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն մեղադրողներին «բացի հոգնությունից, ուրիշ ոչ մի բան չի սպասվում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը
հայտարարել էր, որ ձևավորվում է Համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին
կոչ է արել միանալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը,
հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Նախօրեին
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։