Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին ուղղված գնահատանքի խոսք է ուղղել:
«Ուրախությամբ ողջունում ենք Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի կարևոր որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության մեր հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին: Հայր Գուսանի վճռական քայլով մեկ անգամ ևս վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է, որն անմիջականորեն մեր պետական և ազգային շահերից է բխում և միտված է վերականգնելու Եկեղեցին իր բուն առաքելության մեջ: Կամայական կառավարման արդյունքում Եկեղեցու մեկուսացումը պետությունից և ժողովրդից որևէ աղերս չունի մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության, Նրա Սրբազան Ավանդության և ժողովրդավար ոգու հետ: Ջերմ սիրով ողջունելով Հայր Գուսանին` մաղթում ենք, որ Տերն օգնական և պահապան լինի նրան՝ իր հոգևոր ծառայության այս կարևոր հանգրվանին։ Առաջիկա պատեհ առիթով Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի նիստին։ Վստահ ենք, որ Հայր Գուսանի ազնիվ և կամային դրսևորումը ներշնչող օրինակ կդառնա մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ մյուս սպասավորների համար նույնպես։ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,- նշել են խորհրդից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ողջունել էր Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի քայլը: «Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին»,- նշել էր նա։