Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի շտապ նիստ՝ Լվովի մարզին Ռուսաստանի՝ «Օրեշնիկ» հրթիռային համակարգով հարվածի պատճառով՝ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։ Կիևում 4 զոհ կա, 19 վիրավոր՝ հայտնել է BBC-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում «զանգվածային հարվածներ են հասցրել ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգով», ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածի հետևանքով խոցվել են «անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներով պատասխանել են Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակմանը:
Ուկրաինան հերքել է այդ մեղադրանքը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ԿՀՎ-ն պարզել է, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել ո՛չ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ նրա նստավայրի վրա։