Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում
պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։
Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։
Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․
-
Ապահովագրական պայմանագրի կողմեր,
-
Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
-
Ապահովագրական գումարի սահմանաչափը,
-
Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։
Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․
-
Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
-
Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
-
Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
-
Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
-
Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։