Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների ու նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այդ մասին Զելենսկին հայտնել է Տելեգրամի իր ալիքում։
«Այսօր շատ լավ զրույց եմ ունեցել: Քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել՝ հանուն ընդհանուր արդյունքի և շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ մեր Սուրբծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերը օգտակար կլինեն»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ռուստեմ Ումերովը զեկուցել է ամերիկյան կողմի հետ հերթական շփումների մասին։ «Չենք կորցնում ոչ մի օր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս նախագահ Թրամփի հետ ամենաբարձր մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Մինչև Ամանոր շատ բան կարող է որոշվել»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: