ՌԴ նախագահի հետ քննարկել ենք, թե ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխություններն ինչ հնարավորություններ կստեղծեն ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ վերջին այցին:
«Հիմա մենք կարևոր ենք համարում, որ առնվազն այս փուլում, գոնե առաջին փուլում Տավուշի հատվածում՝ մինչև Իջևանի երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի, և Հայաստան-Ադրբեջան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ վերականգնման աշխատանքներ իրականացվեն:
Հույս ունենք՝ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն: Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա (գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են), նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն՝ հետ վերցնել կոնցեսիայից, և մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումը կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի՝ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի, կամ որևէ խնդիր է տեսնում»,- ասաց նա: