Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման հետևանքով մինչև 2026 թվականի գարուն Շիրակի մարզում նոր գյուղի կառուցման աշխատանքների խախտված ժամկետներին:
«Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են. աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում:
Պիտի արձանագրենք, որ դա այն դեպքերից է, երբ չկա մի բան, որ Կառավարությունը պիտի աներ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանար, ու չի արել: Կան պատճառներ: Մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, և նրա հետ պայմանագիրը խզվել է: Կփնտրենք նոր գործընկեր, որը ծրագիրը կիրականացնի»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ քանի որ միջազգային գործընկերներ են ներգրավված, ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. «Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք:
Համենայն դեպս, ուզում եմ հիշեցնել և ընդգծել, որ մենք այսօր Կապսի ջրամբար ավելի շատ ունենք, քան ունեինք այս մրցույթի մեկնարկից առաջ (ծիծաղում է - խմբ.)»:
Նշենք, որ Կապսի ջրամբարի կառուցման պատճառով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մի հատվածը պետք է հայտնվի ջրի ծածկույթի տակ, բնակչության վերաբնակեցման համար նոր գյուղ պետք է կառուցվի: