Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ Շայբանին և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է Սիրիայի պետական SANA գործակալությունը։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր՝ կենտրոնանալով ռազմարդյունաբերության ոլորտում ռազմավարական համագործակցության վրա։ Կողմերն անդրադարձ են կատարել սիրիական բանակի ռազմական տեխնիկայի արդիականացման, տեխնիկական փորձի փոխանցման և հետազոտությունների ու զարգացման ոլորտում համագործակցությանը՝ ազգային պաշտպանական համակարգի ամրապնդմանը նպաստելու և Սիրիայում ու տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու նպատակով։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և ընդգծել Դամասկոսի ու Մոսկվայի միջև քաղաքական և դիվանագիտական համակարգման կարևորությունը միջազգային հարթակներում։
Նրանք ընդգծել են միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու և պետությունների ներքին գործերին օտարերկրյա միջամտությունը բացառելու անհրաժեշտությունը։
Տնտեսական առումով քննարկումները կենտրոնացել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարների վրա, որն ընդգրկում է վերակառուցման նախագծերին աջակցությունը, ենթակառուցվածքային ոլորտների զարգացումը, Սիրիայում ներդրումների խրախուսումը և առևտրաշրջանառության ու գործընկերության ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի անսասան աջակցությունը Սիրիային՝ ընդգծելով երկրի տարածքային ամբողջականության և լիակատար ինքնիշխանության պահպանման կարևորությունը, ինչպես նաև մերժելով երկիրը բաժանելու կամ նրա անկախ ազգային որոշումների կայացման գործընթացը խաթարելուն ուղղված ցանկացած նախագիծ։ Նա նաև վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը՝ դատապարտելով Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի կրկնվող խախտումները՝ դրանք որակելով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված ուղիղ սպառնալիք։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: