Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել ամբողջ աշխարհում 24-ժամյա զինադադար հայտարարել Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ հիմնականում նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը։
Ընդհանուր առմամբ, խոսելով հակամարտությունների մասին՝ Պոնտիֆիկոսն ընդգծել է. «Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բարի կամքի տեր մարդկանց հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր։ Հնարավոր է՝ նրանք մեզ լսեն, և առնվազն 24 ժամ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի»։
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նաև իր հիասթափությունն է հայտնել Ռուսաստանից, որը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմում Սուրբ Ծննդյան զինադադարի առաջարկին, հաղորդում է Vatican News-ը։
Լևոն XIV-ն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակին, կրկին մեկնաբանել հոկտեմբերին Գազայում ուժի մեջ մտած զինադադարի ծրագիրը։ «Նրանք փորձում են տոնը նշել դեռևս շատ փխրուն իրավիճակում։ Մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի իրականացումը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել»,- ասել է հովվապետը։