ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը ոչինչ չի փոխում, և Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ Այդ մասին հայտարարել է կղզու կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
«Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Մենք ուրախ ենք համագործակցել մյուս երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է Նիլսենը։
Դանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ կանչել է ԱՄՆ դեսպան Քեն Հաուերիին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպան նշանակելու կապակցությամբ։ «Մենք շուտով ԱՄՆ դեսպանին բանակցությունների կկանչենք արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով հստակ բացատրություն»,- ասել է նախարարը՝ միանգամայն անընդունելի համարելով Թագավորության ինքնիշխանության վիճարկումը։
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ նահանգապետը «հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար, և եռանդուն կերպով կպաշտպանի երկրի շահերը՝ հանուն անվտանգության»։
Նահանգապետ Լենդրին էլ գրել է, որ կձգտի Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիան միացնել Միացյալ Նահանգներին։ «Ինձ համար պատիվ է այս կամավոր պաշտոնում առաջադրանքներ կատարել՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու համար»,- գրել է նա X-ում և հավելել, որ նոր պարտականությունները «ոչ մի կերպ չեն ազդի» նահանգապետի իր աշխատանքի վրա։