Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով, և որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Կտրիճ Ներսիսյանին:
Մեկ այլ հարցի՝ 10 եպիսկոպոսները, որոնք բարձրաձայնել են եկեղեցում առկա խնդիրները՝ միանալով վարչապետի պահանջին, արդյոք ավելի՞ անբիծ են, Փաշինյանը պատասխանեց՝ նրանք չեն միացել իր պահանջին, այլ իրենց օրակարգն են ձևավորել, որը մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որն առաջարկել է վարչապետը:
«Իրենք չենք միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրենց: Իրենք իրենց օրակարգն են բերել, մենք մեր օրակարգն ենք բերել, և պարզվում է՝ այդ օրակարգերը մեծապես համընկնում են: Սա հենք է ստեղծում, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞վ են այս 10 եպիսկոպոսներն ավելի լավը, քան մյուսները, Փաշինյանը պատասխանեց՝ նախ՝ այդ 10 եպիսկոպոսները հայտարարել են, որ իրենց բաժին մեղքն ընդունում են՝ առաջ քաշելով բարենորոգման օրակարգը:
«Ինչո՞վ են նրանք ավելի լավը, որ նրանք ընդունում են բարենորոգման, ինչո՞ւ չէ, նաև վերանորոգման օրակարգը: Այսինքն՝ այստեղ խոսքը բովանդակության մասին է: Օրակարգն այն մասին է, որ պետք է լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն, և այս բոլորը մենք ընդունում ենք, իրենք էլ են ընդունում, և իրենք իրենց դուրս չեն դնում այդ օրակարգից»,- ասաց նա: