Տեղի է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալ Դանիել Քյոլբլի (ՔԴՄ) հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:
ՀՀ դեսպանը վերջինիս ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները, վաշինգտոնյան փաստաթղթերը և անցած շաբաթ ՀՀ վարչապետի և ԳԴՀ դաշնային կանցլերի հանդիպման արդյունքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։
Կարևորվել են երկու երկրների միջև համագործակցության խորհրդարանական ուղղությունը, որոշվել է շարունակել ու զարգացնել շփումները։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դանիել Քյոլբլին հրավիրել է այցելել Հայաստան։