2021 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համայնքային սպասարկման կենտրոններն ընդգրկված չեն Արդարադատության նախարարության կազմում և, հետևապես, նախարարության անմիջական վերահսկողությունից դուրս են: Վերջիններս թեև իրականացնում են ՔԿԱԳ գործառույթներ, սակայն հնարավոր չի լինում վերահսկել ծառայությունների մատուցման որակը, անհրաժեշտության դեպքում՝ տալ ցուցումներ և հետևել կատարման ընթացքին, ինչպես նաև բովանդակային լուծում տալ քաղաքացիների կողմից ամենօրյա ռեժիմով բարձրացվող բազմաթիվ խնդիրներին և բողոքներին:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը դեկտեմբերի 16-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Փոխնախարարի խոսքով վերոնշյալ կառավարման համակարգի պայմաններում ընդհանրապես բացակայում է միասնական մոտեցումը ՔԿԱԳ համակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում ստացվում է, որ միևնույն գործառույթներ իրականացնող համայնքային գրասենյակներից երկուսում աշխատողները գործում են ՔԿԱԳ անմիջական ենթակայությամբ, իսկ մյուս համայնքներում՝ համայնքային ենթակայությամբ: Նման տարանջատումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում՝ խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն վերջիններս չունեն այդ խնդիրները լուծելու համար բավարար լիազորություններ և ռեսուրսներ:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
Բացի այդ, ծառայությունների որակը բարելավվելու նպատակով առաջարկվում է վերանայել նաև մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող տուրքերը:
Փոխնախարարն ընդգծել է, որ փոփոխությունը կարևոր է նաև վիզաների ազատականացման գործում: 2018 թվականին ընդունվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վրա են հիմնված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները, որի շրջանակում ընթանում է նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների շուրջ երկխոսության գործընթացը: Մասնավորապես, համաձայնագրում հստակ շեշտադրված է, որ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման գործընթացում պետք է իրականացվեն քաղաքացիական կացության և քաղաքացիական գրանցման գործընթացների ամբողջականությանն ու անվտանգությանն ուղղված գործողություններ: