Տնտեսական դիմակայունության բարձրացման և բնակչության կենսամակարդակի բարելավման նպատակով Սյունիքի մարզին թիրախային աջակցություն կտրամադրվի: Ֆինանսավորվող գումարի չափը 50 մլն եվրո է: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու նախագիծը:
Ծրագիրը ներառելու է 3 ուղղություն՝ ջրամատակարարում, կրթություն և առողջապահություն: Օրինակ՝ առողջապահական համակարգում նախատեսվում է Կապանի, Գորիսի երկու պոլիկլինիկաների կառուցում, Սիսիանի բուժկենտրոնին՝ բժշկական սարքավորումների տրամադրում, այլ բուժկենտրոնների մասով՝ սարքավորումների արդիականացում, առողջապահության առաջնային պահպանման 8 կենտրոնների կառուցում ու վերակառուցում:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ մարզում կընդյալնվեն տնտեսական գործունեության և զբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև կապահովվեն ջրամատակարարման համակարգերի կայունությունը, խմելու ջրի որակն ու հուսալիությունը, ինչն էլ կնպաստի Սյունիքում կենսական կարևորություն ունեցող սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը:
«Ծրագրի բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում»,-ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ծրագրում ներառված են Սյունիքի բոլոր համայնքները:
Ինչ վերաբերում է վարկավորման պայմաններին, ապա մասհանման վերջնաժամկետը պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 5 տարին է: Վարկային միջոցները տրամադրվելու են մի քանի մասնաբաժիններով, առավելագույնը՝ 15 մասնաբաժին, առավելագույնը՝ 5 մլն եվրո: Տոկոսադրույքը ֆիքսված կամ լողացող է, առանձին ամրագրվում է յուրաքանչյուր տրանշի համար վարկառուի հայտի հիման վրա: Լողացող տոկոսադրույքը հավասար է 6-ամսյա եվրոբոր՝ գումարած ֆիքսված մարժա: Յուրաքանչյուր մասնաբաժին կունենա իր մարման ժամանակացույցը: Վարկի մարման ժամկետը կարող է լինել 4-20 տարի: Կա նաև արտոնյալ ժամկետ՝ մինչև 5 տարի: