2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ, որի շրջանակում մասնակիցները կհաղթահարեն շուրջ 500 կմ ընդհանուր երկարությամբ երթուղի՝ անցնելով Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հեծանվաերթի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Ավագյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական մի շարք կառույցներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Զբոսաշրջության կոմիտեից և այլ գերատեսչություններից:
Ողջունելով հանձնաժողովի անդամներին և շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սպասվող մրցաշարի կարևորությունը թե՛ հեծանվասպորտի զարգացման, թե՛ Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից առավել ճանաչելի դարձնելու առումով: Նրա խոսքով՝ հեծանվաերթը սպորտային միջոցառում լինելուց բացի՝ նաև նպաստելու է երկրի հանրահռչակմանը, զբոսաշրջության զարգացմանը՝ ներգրավելով մեծ թվով մասնակիցների և հյուրերի ամբողջ աշխարհից: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ մրցաշարն արդեն գրանցվել է Միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում:
Ըստ նախնական ծրագրի՝ մրցաշարը կունենա 4 երթուղի՝
Երևան-Մարտունի (125 կմ),
Իջևան-Ստեփանավան (108 կմ),
Վանաձոր-Ապարան-Քարի լիճ (113 կմ),
Գյումրի-Աշտարակ-Վաղարշապատ-Երևան (150 կմ):
Մրցաշարի կազմակերպման և անցկացման արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը կհամագործակցի համապատասխան միջազգային կազմակերպության հետ, որը մասնագիտացած է խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարերի կազմակերպման ոլորտում։ Միջազգային գործընկեր կազմակերպության ընտրությունից հետո կհաստատվեն ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկված մրցաշարի երթուղիները, ինչպես նաև կմեկնարկի մասնակից երկրների և թիմերի գրանցման գործընթացը։ Միաժամանակ, նախատեսվում է ապահովել մրցաշարի լայն լուսաբանումը՝ այն հեռարձակելով միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներից որևէ մեկով։ Հատուկ ուշադրություն կդարձվի, որ մրցաշարի երթուղին անցնի նաև բնակելի հատվածներով, որը հնարավորություն ընձեռի միջազգային լսարանին ներկայացնել ՀՀ տարբեր բնակավայրերը և տեսարժան վայրերը։
Հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր, այդ թվում՝ ճանապարհների կահավորման, բժշկական օգնության և անվտանգային հարցերի, տեխնիկական սպասարկման և այլ թեմաների առնչությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է ներգրավված բոլոր կողմերի համատեղ և համակարգված ջանքերի կարևորությունը՝ ընդգծելով իրականացվելիք աշխատանքների մեծ ծավալը։ Նա նշել է, որ նման ձևաչափով և նման մասշտաբների միջազգային մրցաշարի կազմակերպումը մեր երկրի համար նոր և պատասխանատու մարտահրավեր է, որը պահանջում է բարձր մակարդակի պատրաստվածություն և արդյունավետ համագործակցություն։