Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԸՀ-ում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը, ՄԱԿ-ի գրասենյակից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից այլ ներկայացուցիչներ, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։
Ծրագիրը հնարավոր է դարձել նաև Միավորված ազգերի կազմակերպության և ՀՀ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ։ Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին՝ ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծրագիրը կնպաստի ԿԸՀ գործիքակազմերի շարունակական բարելավմանը։