Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ այդքան էլ այդպես չէ, և առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
Ինչ վերաբերում է քամուն, ապա ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված կարևոր իրադարձությանը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։
Մաղթում ենք բոլորին հաճելի և տոնական երեկո»,- գրել է Ազիզյանը:
Նշենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ժամը 20:00-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու տոնական արարողությամբ պայմանավորված, Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 01:00-ը: