Օրերս ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Մասնակցել են գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ՓԾ տնօրենը նշել է, որ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ քննարկումներն անչափ կարևոր են համատեղ լուծումներ գտնելու համար։ Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի առաջնահերթ խնդիրներն են տեխնածին երևույթների ռիսկերի նվազեցումը, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված արդյունավետ միջոցառումները։
Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարումը պահանջում է շարունակական և համակարգված աշխատանք, արագ արձագանքման հմտությունների կատարելագործում՝ ի նպաստ հանրության անվտանգության ապահովման՝ ընդգծել է Կամո Ցուցուլյանը:
Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է ընթացիկ տարում Փրկարար ծառայության աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները։
Քննարկվել են հրդեհների առաջացման, կանխարգելման և վերահսկման խնդիրները, մասնավորապես՝ արտադրական և պահեստային տարածքներում, հասարակական օբյեկտներում, մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, ժամանցային կենտրոններում, անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում աղբավայրերում հաճախակի դարձած հրդեհների բնույթին ու վերահսկման մեխանիզմներին։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերը, բարձրաձայնել առկա խնդիրներն ու առաջարկել ոլորտային լուծումներ։
Քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա որոշվել է համակարգային խնդիրների նկատմամբ կիրառել համալիր, փոխկապակցված և երկարաժամկետ արդյունավետություն ապահովող մոտեցում, ինչպես նաև համատեղ աշխատանքների արդյունավետության նպատակով հստակեցնել ու կատարելագործել համագործակցության գործիքակազմը։