Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի սիներգիաներ. գլոբալ բնապահպանական նպատակների առաջմղում ազգային գործողությունների միջոցով» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրի (UNEP) և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Քարտուղարությունը:
Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ընդգծել է բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի կարևորությունը՝ գլոբալ բնապահպանական նպատակների իրականացման և ազգային քաղաքականությունների հաշտեցման գործում։
Նախարարը նշել է, որ միջազգային պարտավորությունները պետք է իրականացվեն կոնկրետ ազգային գործողությունների՝ օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ հզորացման, գիտական տվյալների վրա հիմնված որոշումների, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների և նորարարական լուծումների խթանման միջոցով։
Նախարարի խոսքով, Հայաստանի համար առաջնահերթ են կլիմայի փոփոխության մեղմումը և հարմարվողականությունը, կենսաբազմազանության պահպանությունը, հողերի դեգրադացիայի կանխարգելումը, ջրային և այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործումը։
Համբարձում Մաթևոսյանը նաև անդրադարձել է այն գաղափարին, որ տարբեր կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունները պետք է իրացվեն համադրված ձևով, միավորված ծրագրերի ու ներդրումների միջոցով, որպեսզի խուսափենք ջանքերի կրկնությունից և ապահովենք առավել արդյունավետ արդյունք։
Այս համատեքստում կարևորվել է համագործակցությունը միջազգային գործընկերների, տարածաշրջանային կառույցների, մասնավոր հատվածի, գիտական ու քաղաքացիական հասարակության հետ՝ տնտեսական զարգացման մոդելը փոխելու և այն ավելի «կանաչ» ու դիմակայուն դարձնելու համար։