Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի նպատակը Եվրամիությանն անդամակցելն է:
«Հայաստանի հետ այս տարի ապրանքաշրջանառության անկում է նկատվում: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է 12,4 մլրդ դոլար։ Այս տարի, ըստ երևույթին, այն կլինի մոտ 6 միլիարդ: Դա շատ նկատելի անկում է։ Ռուսական բիզնեսը, իհարկե, սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին։ Չնայած, ընդհանուր առմամբ, մենք լավ շփումներ ունենք, դրանք պահպանվում են։
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը, ապա մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում լինելն անհամատեղելի է, և ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել է Օվերչուկը։