Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրն ավարտական փուլում է։ Այդ առիթով Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունն այց է կատարել ջրամբարի տարածք՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Այցելուների թվում են եղել ԶՖԳ հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը, ԶՖԳ գյուղատնտեսության և ոռոգման հարցերով թիմի ղեկավար Վենսան Տանգին, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, «Ջրառ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Աղվան Բեգլարյանը, Վեդու ջրամբարի շինարարության կապալառու «Սահակյանշին» ՓԲԸ տնօրեն Սուրեն Սահակյանը և այլք։
Ներկաները շրջայց են կատարել ջրամբարի տարածքում, ապա կլոր սեղան-քննարկման ընթացքում նախանշել ծրագրի ավարտական որոշ աշխատանքների վերջնական ժամանակացույցը, ինչպես նաև ջրամբարի ապագա շահագործման հետ կապված տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Այնուհետև ԶՖԳ պատվիրակությանը Ջրային կոմիտեում հյուրընկալել է ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանը․ կողմերը քննարկել են ֆրանսիական համաֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA), «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ու «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերը։
Ընդգծվել է Հայաստանի ոռոգման ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաև Սյունիքի մարզում նախատեսված տարբեր ծրագրերի համակարգման կարևորությունը:
Ջրային կոմիտեի նախագահը ֆրանսիացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ծագող խնդիրները գործընկերային ոգով հասցեագրելու համար
29․3 մլն խմ ծավալով Վեդու ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աջ ափին։ Նախագծի արժեքը 90 մլն եվրո է, ֆինանսավորման ավելի քան 80%-ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։