Այս փուլում պատրաստ չեմ մեկնաբանել. ավելի ուշ, կարծում եմ՝ մեկնաբանություն կլինի ԱԳՆ-ի կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ Բաքվից հնչած մտահոգությունների վերաբերյալ լրագրողի դիտարկմանը:
Իսկ այն հարցին, որ հնարավո՞ր է այդ հայտարարությունը հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են, և պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից կա, և պետք է ասեմ, որ այն մտահոգությունները, որոնք որ մեզ մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով հնչում են նաև Ադրբեջանում: Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը, կարծում եմ, հեշտ չի լինելու, բայց իրագործելի է»:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին, ապա ԱԺ նախագահն ասաց. «Անշնորհակալ գործ է ժամկետների մասին խոսելը. մենք պատրաստ ենք շատ վաղուց ստորագրել, մենք հիմա էլ ենք պատրաստ այդ պայմանագիրը ստորագրելու, և այդ ուղղությամբ նույնպես խոսակցությունները շարունակվում են, որովհետև ակնհայտ է, որ կոնֆլիկտ, որպես այդպիսին, այլևս չկա, կոնֆլիկտի պայմաններ չկան, նախադրյալներ չկան ու չեն կարող լինել: Բոլոր պետությունների մեջ լինում են ինչ-որ հարցեր, որոնք իրենք քննարկում են, մենք մեր հարևանների հետ մեր հարցերը պատրաստ ենք և կարողանում ենք համատեղ քննարկել»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: