ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Այլին Հիգինսը հաղթել է Մայամիի (Ֆլորիդա) քաղաքապետի ընտրությունում, հաղորդել է NBC News-ը։
Հիգինսը ստացել է ձայների 59%-ը։ Նրա մրցակիցը՝ հանրապետական Էմիլիո Գոնսալեսը, որի օգտին քվեարկելու կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ստացել է 41%։ Գոնսալեսը շնորհավորել է Հիգինսին՝ հաղթանակի կապակցությամբ։
1997 թվականից ի վեր առաջին անգամ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը դառնում է Մայամիի քաղաքապետ։ Ավելին, քաղաքի պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կզբաղեցնի կին։
Հիգինսը խոստանում է բարելավել Մայամիի բնակիչների կյանքի որակը, մասնավորապես՝ ապահովելով բնակարանների մատչելիությունը և զարգացնելով ենթակառուցվածքները։ Նա նաև քննադատել է Թրամփի ներգաղթային քաղաքականությունը։ Հիգինսը 61 տարեկան է, յոթ տարի եղել է Մայամի-Դեյդ շրջանի հանձնաժողովում։
Միացյալ Նահանգներում մեծ ուշադրությամբ են հետևել Մայամիի ընտրությանը, քանի որ վերջին տարիներին Ֆլորիդան հանրապետականների հենասյունն էր։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Մայամիի քաղաքապետի ընտրությունում դեմոկրատների հաղթանակը վկայում է երկրում հանրապետականների ժողովրդականության անկման մասին։