Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում նախագաի ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը: Նա մշել է, որ պատրաստ է ընտրություն անցկացնել որոշակի պայմաններով։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային նախ պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ քվեարկության ընթացքում: Նա խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպացի գործընկերներին օգնել այդ հարցում։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ այդ դեպքում, ընտրությունը կարող է անցկացվել հաջորդ 60-90 օրվա ընթացքում։
Երկրորդ պայմանը Զելենսկին համարել է օրենսդրական հիմքերը՝ ընտրության անցկացման օրինականության համար: Նա նշել է, որ խնդրել է Գերագույն ռադայի պատգամավորներին պատրաստել անհրաժեշտ փոփոխություններ ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրենքում:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան «վաղուց պետք է» անցկացներ նախագահի նոր ընտրություն, և որ երկրի իշխանություններն, իբր, պատերազմն օգտագործում են՝ դա չանելու համար։
Ըստ գործող ուկրաինական օրենսդրության՝ ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելն արգելված է։ Քանի որ այն ներդրվել է պատերազմի մեկնարկից հետո, Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունը, որը նախատեսված էր 2024 թվականին, հետաձգվել է։ Կրեմլը դա բազմիցս օգտագործելով՝ Զելենսկուն ներկայացրել է «անօրինական» նախագահ լինելու մեղադրանք։