Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, քննարկվել են ԱՄՆ-ի հետ հետագա համատեղ աշխատանքները:
Անդրադարձ է եղել Ուկրաինային ռազմական աջակցության հեռանկարին: Զելենսկին հավելել է, որ այժմ Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը:
«Եվրոպայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև միասնությունը շատ կարևոր է»,- շեշտել է նախագահը։
Զելենսկին հիշեցրել է, որ պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը Կիևի ջանքերով փոփոխվել է, խնդրահարույց կետերը հանվել են: Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների դիմաց տարածքներից հրաժարվելու հեռանկարը բացառվում է, թեև Կիևին առաջարկում են դուրս գալ Դոնեցկից և զիջել Զապորոժիեի ԱԷԿ-ը:
Զելենսկին այնուհանդերձ ընդունել է, որ մարտի դաշտում իրավիճակը բարդ է: «Թրամփը պատերազմի դադարեցման իր տեսլականն ունի, որը տարբերվում է Կիևի դիրքորոշումից»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը: