Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական չնախատեսված այցն է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:
Կաքավաձորում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվում է 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ։ Բացի այդ, նորոգվում է Կաքավաձորի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցը։
Կոմիտեի նախագահը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ ուսումնասիրել է կատարվող շինարարական աշխատանքները, շինարարների հետ քննարկել ընթացիկ հարցեր։
Շինարարության ակտիվ փուլում է Նոր Ամանոսի կրթահամալիրի կառուցման ծրագիրը։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է, որ շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով, իսկ կատարվող աշխատանքները գոհացուցիչ են։ Կրթահամալիրը ներառում է 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 սանի համար նախատեսված մանկապարտեզի մասնաշենքեր։
Հաջորդիվ դիտարկվել են Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան և Աղձքի միջնակարգ դպրոցների նորոգման աշխատանքները։