Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիին։
Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարները, ինչպես նաև ներկայացուցիչ Արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Ներկայացվել են նաև COP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը, որոնք առաջին անգամ ներկայացվել էին դեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում։
Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի նախապատրաստական և կազմակերպչական գործընթացներում, մասնավորապես անդրադարձ է կատարվել փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է, իսկ դրա արդյունավետ կազմակերպումը պահանջում է միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածություն և սերտ համատեղ աշխատանք։