Ճանապարհային երթևեկության անվտանգային մշակույթի ամրապնդումը և քաղաքացիների կյանքի ու առողջության համար ապահով միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովել թե՛ իրենց, թե՛ երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։
Մինչ օրս Պարեկային ծառայությունը 4044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։
Հիշեցնենք, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե․
1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր.
2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է։
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։