Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Երևանը դարձնում է համաշխարհային երաժշտական արվեստի կենտրոն։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ փառատոնն անցկացվում է նախարարության և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի աջակցությամբ:
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման համերգը․ կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, կկատարի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։
Փառատոնի մյուս համերգներին ելույթ կունենան թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։
Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը։
Փառատոնի շրջանակում առանձին համերգով կներկայացվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի պատվավոր անդամ Արվո Պյարտի ստեղծագործություններից՝ ի նշանավորումն կոմպոզիտորի 90-ամյակի։
Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, ռազմավարական հովանավորը՝ Freedom Broker Armenia ընկերությունը, որի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն կունենան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ մաեստրո Ջանլուկա Մարչիանոյի հետ։
Երաժշտական իրադարձությունը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան+ջազ» տոնական համերգով։
Նշվում է, որ փառատոնը 2013 թվականին հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի:
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից անդամակցում է Եվրոպական փառատոնների ասոցիացիային` համապատասխանելով եվրոպական լավագույն փառատոնների չափանիշներին։ Ասոցիացիային անդամակցությունը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման գործում։