Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13։06-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և երեք ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։