Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մերժել է Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների փոխանցումն ԱՄՆ-ին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, քննարկվել Է Ուկրաինայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած խաղաղ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Այդ գումարը պետք է ուղղվի Ուկրաինային»,- ասել է Մերցը: Նա նշել է, որ Ուկրաինային օգնություն է անհրաժեշտ՝ ձմռանը դիմակայելու և, հավանաբար, ֆինանսական աջակցություն՝ հաջորդ երկու-երեք տարիների համար: «Մեզ միջոցներ են անհրաժեշտ դրա համար: Սա ներեվրոպական հարց է, և ես ոչ մի տնտեսական հնարավորություն չեմ տեսնում մեր ներգրաված միջոցները ԱՄՆ տեղափոխելու համար։ Ամերիկյան կառավարությունը դա գիտի»,- հայտարարել է կանցլերը:
Ըստ Մերցի՝ Վաշինգտոնում որոշ մարդիկ ցանկանում են «որոշակի տնտեսական օգուտ ստանալ» Ուկրաինայում պատերազմի հնարավոր կարգավորումից:
Մերցը շտապել է Բրյուսել՝ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ հանդիպման, որին կմասնակցի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
AFP-ն, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ Մերցի շտապ այցի թեման կլինի Ուկրաինային վերականգնողական վարկ տրամադրելու համար որոշ սառեցված ռուսական ակտիվների հնարավոր օգտագործումը, որն առաջարկել էր Եվրահանձնաժողովը։
Բելգիան, որի տարածքում պահվում է Ռուսաստանի սառեցված միջոցների մեծ մասը (մոտավորապես 189 միլիարդ եվրո), մերժել է Եվրահանձնաժողովի ծրագիրը, Եվրոպական կենտրոնական բանկը նույնպես չի աջակցել դրան։ Մինչդեռ Գերմանիան և ԵՄ երկրների մեծ մասը հավանություն են տվել այդ գաղափարին։ ԵՄ իշխանությունները հույս ունեն, որ Ուկրաինային վերականգնողական վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնության կհասնեն մինչև տարեվերջ։