The New York Times (NYT) թերթը հայց է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան՝ ընդդեմ ԱՄՆ պատերազմի նախարարության՝ Պենտագոն լրագրողների մուտքի նոր կանոններ սահմանելու համար: Ըստ լրատվամիջոցի՝ գերատեսչությանն այդ որոշումով խախտում է Սահմանադրության Առաջին փոփոխությունը, որը, ի թիվս այլ բաների, երաշխավորում է մամուլի ազատությունը:
Ինչպես նշում է NYT-ը, հոկտեմբերին ուժի մեջ մտած Պենտագոնի ներքին կանոնակարգերը պահանջում են, որ թղթակիցները ստորագրեն 21 էջանոց փաստաթուղթ, որը, ի թիվս այլ բաների, պարունակում է աղբյուրների հետ շփվելու և նյութեր պատրաստելու նպատակով տեղեկատվություն ստանալու համար հարցումներ ներկայացնելու սահմանափակումներ։
NYT-ը դատարանին խնդրել է արգելել Պենտագոնին կիրառել մամուլի վերաբերյալ նոր կանոնները և անօրինական ճանաչել Սահմանադրության Առաջին փոփոխությունը խախտող կետերը։
Հոկտեմբերին ռազմական դեպարտամենտը հայտարարել էր, որ իր կառույցներ մուտք գործելը արտոնություն է, որը նույնպես պետք է կարգավորվի։ Պենտագոնի պաշտոնյաները նշել են, որ նոր կանոնները «նպատակ ունեն կանխելու արտահոսքերը, որոնք վնասում են ազգային անվտանգությանը»։
Հունվարի վերջին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Փիթ Հեգսեթը փետրվարին մի քանի լրատվամիջոցների՝ ներառյալ NYT-ը, որոնք երկար ժամանակ լուսաբանել են Պենտագոնը, զրկել է իրենց գրասենյակներից գերատեսչությունում։ Դրանք փոխարինվել են ավելի պահպանողական լրատվամիջոցներով, ինչպիսիք են Newsmax և Breitbart News առցանց պարբերականները։ Մայիսին էլ Հեգսեթը հրամայել էր արգելել լրագրողների մուտքը Պենտագոնի շենքերի մեծ մասն առանց ուղեկցողների։
NYT-ի տվյալներով՝ տարբեր պարբերականների տասնյակ լրագրողներ հրաժարվել են կատարել նոր պահանջները և հանձնել են իրենց անցագրերը։ Որոշ լրատվամիջոցներ հրապարակայնորեն քննադատել են կանոնները։ «Այս քաղաքականությունն աննախադեպ է և սպառնում է լրագրողների պաշտպանության հիմնական միջոցներին»,- ասվում է ABC News-ի, CBS News-ի, CNN-ի, Fox News-ի և NBC News-ի հայտարարության մեջ։