Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող՝ 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողամաս է: Այս մասին Կառավարության նիստին անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
-
«Դատախազությունը 2025 ապրիլի 27-ի գրությամբ դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ տեղեկացնելով, որ 2025 թվականի ապրիլի 25-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի որոշմամբ, 11 անշարժ գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքերի ցանկում ներառված է նաև Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողամասը: Հաշվի առնելով, որ Հողամասը հատուկ նշանակության է և անհրաժեշտ է այն օգտագործել Պաշտպանության նախարարության կարիքների համար, առաջարկվում է 92 հա մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը:
-
Շրջակա միջավայրին ամրացվող գույքը Գառնի համայնքի «Բազալտե երգեհոն» (հանրությանն առավել հայտնի «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող՝ 0.1 հա մակերեսով հողամաս է: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ: Հաշվի առնելով, որ բնության հուշարձանները բնության հատուկ պահպանվող տարածքներ են և ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, առաջարկվում է գույքը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը»,- ասաց Վարդապետյանը։