Դեկտեմբերի 2-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստանի ձգտումներին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող գործընկերությանը, պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ընդլայնվող երկխոսությանն ու Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգի ստորագրմանը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:
Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։