Եվրահանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի ամբողջությամբ և ընդմիշտ արգելել Ռուսաստանից նավթի ներմուծումը Եվրամիություն՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ շատերն անհնար էին համարում ռուսական հանածո վառելիքի ներկրումից լիովին հրաժարվելը, սակայն «այսօր այդ պատմական օրը եկել է»։
«Ռուսական գազի՝ ինչպես հեղուկացված բնական գազի, այնպես էլ խողովակաշարային գազի ներմուծումը կրճատվել է 45%-ից մինչև 13%, ածխի ներմուծումը՝ 51%-ից հասել է զրոյի, իսկ նավթինը՝ 26%-ից մինչև 2%»,- նշել է պաշտոնյան։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն դիվերսիֆիկացրել է մատակարարումները՝ հուսալի գործընկերների հետ կնքելով նոր պայմանագրեր։
«Մենք նաև աննախադեպ արագությամբ ներդրումներ ենք կատարել վերականգնվող էներգիայի և միջուկային էներգիայի մեջ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԵՄ էլեկտրաէներգիայի կեսը գալիս է վերականգնվող աղբյուրներից: