ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։
Հանդիպման թեման ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումն ու կանխարգելումն էր, որի ուղղությամբ մասնակիցները ներկայացրել են նորարար գաղափարներ և առաջարկություններ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարար Սարգսյանը վերահաստատել է Երիտասարդական խորհրդի անդամների հետ ակտիվ համագործակցելու հանձնառությունը, որը նպատակ ունի քննարկումների միջոցով և քաղաքացիների անմիջական ներգրավմամբ հասնել հանրությանը հուզող հարցերի լուծմանը՝ ամրապնդելով պետություն-հասարակություն կապը։
«Երթևեկության մասնակիցների վարքագծի փոփոխությունը ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու կարևոր նախապայման է։ Այս ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է օրենսդրական կարգավորումները, նաև իրականացնում հանրային իրազեկման արշավներ։ Այս ճանապարհին հատկանշական է նաև հասարակության և հատկապես երիտասարդների ներգրավվածությունը»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը՝ կարևորելով հանրային ընկալումները ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Երիտասարդները նախ վերլուծել են Երևանում և մարզերում ՃՏՊ-ների հիմնական պատճառները, ներկայացրել իրենց ընկալումները վարորդների և հետիոտների վարքագծային դրսևորումների վերաբերյալ, որոնք հանգեցնում են պատահարի։ Խորհրդի անդամները առաջարկությունների հիմքում դրել էին սեփական ուսումնասիրությունները և վեր էին հանել միջազգային լավագույն փորձը։
Քննարկման մասնակիցների ելույթներում հիմնական մոտիվը երթևեկության մասնակիցների վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունն էր, միևնույն ժամանակ երիտասարդները ընդգծում էին երկարաժամկետ կրթող և վերափոխող բաղադրիչ ունեցող իրազեկման աշխատանքների կարիքը, մասնավորապես գաղափարները վերաբերում էին տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված իրազեկման արշավների, կրթական ծրագրերի իրականացմանը, վարորդական վկայականների տրամադրման գործընթացի վերափոխումներին, ինչպես նաև ճանապարհներին վարորդներին օգնող վահանակների տեղադրմանը, արհեստական բանականության կիրառմամբ տեսահսկող սարքերի ներդրմանը։
Նախարարությունում մասնագիտական քննարկումներից հետո առաջարկություններից մեկը կներառվի օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ։
Տեղում վերլուծվել են բարձրաձայնված մտքերը, ծավալվել է խորքային քննարկում դրանց իմպլեմենտացման հնարավորությունների շուրջ, նախանշվել են երիտասարդական խորհրդի անդամների հետ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ համագործակցելու թիրախային ուղղությունները, ընդգծվել է իրավապահ համակարգ-հասարակություն ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Խորհրդի նիստին ներկա էին նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։