Երկարաժամկետ զարգացման նպատակով կարծում եմ, որ մենք մի շատ կարևոր քաղաքականություն ենք որդեգրել, որպեսզի տնտեսական աճը լինի կայուն: Այսօր էլ հանրապետության վարչապետը ելույթում նշեց մեր նպատակների մասին՝ մոտավորապես 6-7 տոկոսանոց կայուն տնտեսական աճ ունենալու վերաբերյալ: Այդ մասին ԱԺ-ում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Մենք արդեն իսկ քաղաքականությունները սկսել ենք. դրանք առաջին հերթին ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի վրա ներդրումներն են: Մասնավորապես` ենթակառուցվածքային ներդրումների մասին շատ է խոսվում. ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների, ջրամբարների և այլ ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտների վրա շեշտադրում կատարելուն զուգահեռ մենք մարդկային կապիտալի և տեխնոլոգիաների վրա ենք մեծ ուշադրություն դարձնում: Կրթության և առողջապահության վրա, նույնպես գիտեք` ինչքան մեծ ուշադրություն ենք դարձրել, մասնավորապես, առողջության համընդհանուր ապահովագրությունը, բայց նաև տեխնոլոգիական մասով նշեմ` արտադրողականության խթանման մեր ծրագրերով արդեն 1,5 միլիարդ դոլարի աջակցության ծրագիր ենք իրականացրել: Շահառուներ են տասնյակ հազարավոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, այս ծրագրի միջոցով պետք է նշել, որ տեղի է ունեցել արտադրողականության ավելի քան կրկնապատկում: Եթե 6-7 տարի առաջ մեր երկրում արտադրողականությունը մոտավորապես նույնիսկ չէր էլ հասնում 5 դոլարի, ապա այսօր արդեն 11 դոլարի շրջակայքում է` նախնական հաշվարկներով` 2025 թվականի արդյունքներով, և մեզ համար թիրախային է 2026-ի արդյունքներով 12 դոլարի շեմը գերազանցելը»,- նշեց Պապոյանը: