ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորչ Լիլիթ Ստեփանյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ուսուցիչների ատեստավորման երկրորդ փուլին ինչպիսին է եղել դիմելիությունը, և նրանց որ տոկոսն է արդյունք գրանցել:
«Այս շաբաթ և կիրակի օրերը վերջին օրերն էին ուսուցիչների կամավոր ատեստավորման: Ներկայումս մենք դեռևս գտնվում ենք կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման գործընթացում, հետևաբար այն տվյալները, որոնք կնշեմ, կարող են ճշգրտվել բողոքարկման արդյունքներով, բայց ամեն դեպքում պետք է ասեմ, որ, իսկապես, այս տարի կամավոր ատեստավորման թե՛ դիմելիությունը, թե՛ մասնակցությունը ցույց են տալիս, որ համակարգը իսկապես դարձել է մեր ուսուցիչների համար վստահելի ու իրենց վարձատրության ու մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ: Այս տարի մասնակցության համար մեզ դիմել էին 8400-ից ավելի ուսուցիչներ, շատ ուրախ եմ, որ նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը»,- ասաց նախարարը:
Նա հիշեցրեց, որ երկրորդ տարին է, որ էլեկտրոնային ձևաչափով է իրականացվում ատեստավորումը, ինչը նշանակում է, որ իրենք հենց սենյակում, երբ ավարտում են թեստը, տեսնում են իրենց արդյունքները, և երեկոյան արդեն, երբ ամբողջական թեստի արդյունքները հասանելի են դառնում, կարող են նաև բողոքարկել: «Այս տարի մենք նաև էլեկտրոնային տարբերակով ենք դարձրել բողոքարկման գործընթացը, որպեսզի լրացուցիչ ոչ մի վարչարարություն և բարդություններ չգրանցվեն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
«Արդեն այս պահի դրությամբ, առանց հաշվի առնելու վերջին բողոքարկումների արդյունքները, մասնակցած ուսուցիչների շուրջ 67.2 տոկոսը հաղթահարել է դրական կամավոր ատեստավորումը, ինչը նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչ արդեն այս պահի դրությամբ վարձատրության բարձրացման այս հնարավորությունն օգտագործել է: Ընդ որում, շատ ուրախ եմ, որ այս ուսուցիչների մեծ մասն առաջին անգամ մասնակցող ուսուցիչներ են: Հիշելով, որ մեզ մոտ արդեն իսկ կամավոր ատեստավորված էր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, սա նշանակում է, որ մենք էապես ընդլայնում ենք կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը: Այդ իմաստով կարծում եմ, որ համակարգն իրոք աշխատում է: Ինչ վերաբերում է նրան, որ ոմանք չեն մասնակցում, ուզում եմ հիշեցնել, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքի գնահատման համակարգ ենք դրել, և տնօրենը պարտավոր է այն ուսուցիչներին, ովքեր ունեն առարկայական գիտելիքի խնդիր, նշում անել, և այս պարագայում պարտադիր է դառնում այս եղանակով ատեստավորումը: Այսօր էլ կամավոր ատեստավորման այս եղանակը պարտադիր է առարկայական գիտելիքի խնդիր ունեցող ուսուցիչների համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: