Պարո՛ն Դանիելյան (պատգամավոր Գառնիկ Դանիելյան - խմբ.), շատ գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրեինք՝ չլինեիք Դաշնակցությունից, եթե իշխանություն եղած չլինեիք 20 տարի: Շատ գեղեցիկ բառեր են, բայց ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ օդի աղտոտվածության վերաբերյալ մտահոգություններին:
«Մեր օրոք է կառուցվել Հայաստանում առաջին աղբավայրը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտների նվազագույն շեմին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մասին ենք մենք խոսում: Գոյություն ունի «թափոնների կառավարման բուրգ» հասկացությունը: Որպեսզի հասկանաք՝ ինչի մասին է խոսքը, այդ բուրգի գագաթին գտնվում են, օրինակ՝ Շվեդիայի նման պետությունները, որտեղ թափոններից մնացուկը կարող է լինել կես տոկոս, 1 տոկոս, դա էլ այրված թափոնի տակի մոխրին է: Կան նաև թափոնների կառավարման այլ մակարդակներ, իսկ թափոնների կառավարման ստորին, ընդունելի շեմը գիտե՞ք որն է. Կոտայքում մե՛ր կողմից կառուցված նոր աղբավայրը: Մենք ենք սկսել այդ պրոցեսը, ժողովուրդ ջան, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք, որ ուշ եք սկսել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ դրանից բացի՝ ինչ աղբավայր կա Հայաստանում, ստորին շեմից ներքև է:
«Նենց եք խոսում, ոնց-որ 2018-ին է Նուբարաշենի աղբավայրը ստեղծվել, կամ ոնց որ 2025-ին է այն վառվել»,- նկատեց Եղոյանը:
Նա տեղեկացրեց՝ ներկայումս քննարկվում է Երևանում նոր աղբավայրի կառուցման կամ աղբի վերամշակման նոր նախագծի հարցը:
Ինչ վերաբերում է խոտի այրման հետ կախված մտահոգությանը, Եղոյանն ընդունեց՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծի պետությունը՝ նոր աղբավայր կառուցի, կատալիզատորների հետ կապված հարցը լուծի, արտանետումների հարցը լուծի, բայց կա խնդիր, որը կապված է կուլտուրայի հետ:
Ըստ նրա՝ մարդիկ չեն հասկանում, որ խոտը չպետք է վառել. այրելու հետևանքով փչանում է հողի որակը, ընկնում է բերքատվությունը, բացի դրանից՝ ստեղծվում է հրդեհավտանգ իրավիճակ:
«Պետական ֆունկցիան անենք ճիշտ, բայց էնտեղ, որտեղ կա հանրահռչակման, հանրակրթության, քարոզչության էլեմենտ, օգնեք մեզ, ասեք, որ սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ չոր խոտը չվառել: Դա չունի ոչ մի օգտակար հետևանք, ունի վնասակար հետևանք ոչ միայն ձեզ, այլև շրջակա միջավայրի, համայնքի և ընդհանրապես մարդկանց ֆիզիկական անվտանգության համար»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: