2018 թվականին ես այն քիչ մարդկանցից էի, որ իմ թիմի հետ փոփոխություն արեցինք Հայաստանում, ինչն անհնարին էր թվում: Այդ ժամանակ, կարծում եմ, օրինաչափ էր, որ ես թիմի հետ էստեղ էի: 2021-ին ես իմ թիմի հետ տեսել եմ՝ ինչ է նշանակում, որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Նրա նշել է՝ հպարտ է, որ անցան այդ ճգնաժամի միջով:
«Այդ ժամանակ թիմը լքելը կլիներ դավաճանություն: Պետք էր ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» ու իշխանության մեջ էր, այլ պետության ու պետականության կորստի: Դրանից հետո, հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել»,- նշեց Պողոսյանը՝ ընդգծելով՝ հպարտանում է այն մարդկանցով, որոնք այդ ճանապարհը կարողացել են անցնել:
«Մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ մարդիկ պետք է աշխատեն, երջանիկ լինեն ու խաղաղ ապրեն: Կարծում եմ՝ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, պետությունը պետք է ծաղկի: Չկա ավելի լավ բան, քան խաղաղ պետության մեջ ապրելն ու արարելը»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որ գնա այլ աշխատանքով զբաղվի:
«Ես 16 տարեկանից աշխատել եմ մինչև այսօր՝ բացառությամբ 1-2 տարի, երբ երեխա եմ ունեցել, չեմ աշխատել: Ամեն օր աշխատել եմ, հիմա ուզում եմ ստեղծագործեմ, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել»,- հայտնեց Քրիստինե Պողոսյանը:
Նա հայտնեց նաև՝ շարունակելու է մնալ կուսակցությունում:
«Երբ ընկերներս զգան իմ կարիքը, նորից կլինեմ նրանց կողքին: Ընտրություններին նրանց օգնելու եմ: 2026-ին ՔՊ-ն, վստահ եմ, հաղթանակ է տանելու և լավ հաղթանակ է ունենալու: Ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձևով վերաբերվում եմ պարոն Փաշինյանին ու ոչ մեկից հիասթափված չեմ: Ինքն իմ ավագ ընկերն է: ՔՊ-ից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»,- հայտարարեց պատգամավորը:
Լրագրողների հարցին՝ արդյոք ինքնակա՞մ է գնում, ընդգծեց՝ ամբողջությամբ ինքնակամ:
«Սա փախուստ չէ, փախուստ կլիներ 2021-ին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իր որոշումը քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տվեց բացասական պատասխան:
«Ոչ, պարոն Փաշինյանը ոչ մեկի ազատ կամարտահայտման վրա ազդեցություն չի ունենում»,- հայտարարեց Պողոսյանը: