Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը որևէ ուղերձ չի փոխանցել Վաշինգտոնին երրորդ կողմի միջոցով։
Նա կեղծիք է համարել այդ լուրը և հավելել, որ Թեհրանն այս պահին չպետք է որևէ շփում կամ փոխգործակցություն ունենա ԱՄՆ վարչակազմի հետ։ Նրա խոսքը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Մինչդեռ այդ տեղեկությունը հայտնել են տարբեր լրատվամիջոցներ: Իրանական Mehr լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ուղերձը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նոյեմբերի սկզբին էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Guardian-ին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Վաշինգտոնի հետ, եթե դրան հարգանքով վերաբերվեն։
Իր հերթին, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին CNN-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցելու Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, բայց դեռևս չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում անցկացվել էր բանակցությունների հինգ փուլ, սակայն գործընթացն ընդհատվել էր անցյալ տարվա հունիսին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով։