Հոնկոնգի South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը (ICAC) ձերբակալել է ևս վեց մարդու՝ Wang Fuk Court բնակարանային համալիրում բռնկված հրդեհի կապակցությամբ։
«Դա նշանակում է, որ Will Power Architects խորհրդատվական ընկերության երկու տնօրեններից բացի, այսօր առավոտյան ձերբակալվել է ևս վեց մարդ»,- հաղորդել է թերթը։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Հոնկոնգում բնակելի համալիրի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի։ Փրկարարներն այրված շենքերից արդեն դուրս են բերել 108 աճյուն։ Չորս մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո, ևս 16-ի մարմինները դեռևս շենքերի ներսում են։
Հրդեհի հետևանքով վիրավորվել է 79 մարդ։ Սկզբնապես հաղորդվել է 467 անհայտ կորածի մասին, որոնցից 39-ը հայտնաբերվել են մահացած, 35-ը՝ հայտնվել հիվանդանոցներում, ևս 110-ը ողջ են: Որոնվողների ցուցակում մնացել է 200 մարդ, պարբերականը չի բացառել, որ այդ ցուցակը կարող է մասամբ համընկնել չհայտնաբերվածների հետ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: