Զարմանում եմ, ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ՝ որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և իրենց աշխատակիցները, գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են՝ 5000, 6000, 7000, տեղ-տեղ 10 հազար են ասում, ձեզանից որևէ մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, տեսնելուց չի հարցնում՝ ինչի՞ ես 1000 հայ տղա ավելի սպանում, իսկ երբ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը (2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ - խմբ.), որը Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում, և ինչ-որ մարդիկ Ֆեյսբուքում փորձում են այդ թվի հետ վիճել: Այս մասին խորհրդարանում՝ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով լրագրողներին:
«Ես գիտեմ, որ իմ նշած այդ մարդիկ հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործում են իրենց քաղաքական հարցերը լուծելու համար, որ երկրի նախկին ղեկավարները, իրենց փեսաները, լրատվական կայքեր և մեդիաներ ունեցողները տենց բան են ասում՝ ինչի հարցում չեք ուղարկում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ թվերի տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետև մենք ունենք 191 անհայտ կորած:
«Կրկնում եմ՝ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է: Տա Աստված, բոլորն էլ ինչ-որ տեղից ինչ-որ հրաշքով վերադառնան, բայց լինում են դեպքեր, որ ինչ-որ պահի ապացուցվում են, որ այդ մասունքները, որոնք դեռ կան, ինչ-որ մեկի ընտանիքի անդամինն են»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ Սիմոնյանը իր Ֆեյսբուքի էջում գրել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայող:
«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել էր ԱԺ նախագահը: