Նոյեմբերի 25–28-ը Երևանում անցկացվել է Կենսաբազմազանության վերաբերյալ Կոնվենցիայի (CBD) շրջանակներում կազմակերպված տարածաշրջանային երկխոսությունը, որն իրականացվում է Կոնվենցիայի Քարտուղարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), UNEP Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ՝ UNDP China Trust Fund-ի և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պարոն Արամ Մեյմարյանը ողջունել է տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներին, ովքեր այս օրերին քննարկել են ազգային կենսաբազմազանության ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAP) արդիականացման, Կունմին–Մոնրեալ համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի (GBF) հետ համահունչ թիրախների ձևակերպման և մոնիթորինգի համակարգերի զարգացման առաջնահերթությունները։
Քննարկվել են կենսաբազմազանության և առողջության փոխկապակցվածության հիմնադրույթները, «Մեկ Առողջություն» (One Health) մոտեցման ինտեգրման հնարավորությունները, ինչպես նաև համաշխարհային գործողությունների ծրագիրը՝ ուղղված առողջության և կենսաբազմազանության համակցված քաղաքականությունների ուժեղացմանը։
Քննարկվել է նաև, թե ինչ ազդեցություն կարող է թողնել կենսաբազմազանության կորուստը հանրային առողջության, էկոհամակարգային ծառայությունների, սննդի անվտանգության և հիվանդությունների տարածման վրա։
Տարբեր երկրների պատվիրակությունները հայտնել են իրենց փորձն ազգային մոնիթորինգի համակարգերի ձևավորման, տվյալների հոսքերի կազմակերպման և կենսաբազմազանության ցուցանիշների մշակման վերաբերյալ։
ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի թարմացման ընթացքը, COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ազգային մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Սա առաջին գիտաժողովն էր, որտեղ Հայաստան ժամանած պատվիրակության համար նախատեսված էր ցուցահանդես, և մասնակիցները հնարավորություն են ունեցել շրջայց կատարել և ծանոթանալ ՊՈԱԿ-ների սեփական արտադրանքին ու կրթական ծրագրերին։