Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում արդեն մեկ օր մոլեգնող հրդեհը 40-ից ավելի մարդու կյանք է խլել, գրեթե 280 մարդ անհետ կորած է: Կան նաև տասնյակ վիրավորներ: Հարյուրավոր բնակիչներ տեղավորվել են ապաստարաններում:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Ըստ իշխանությունների՝ հրդեհն աստիճանաբար վերահսկողության տակ է վերցվել: Հրդեհի ժամանակ շենքերում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Հրդեհի պատճառը դեռ հետաքննվում է, սակայն ըստ ոստիկանության՝ վերանորոգման ընթացքում օգտագործվող նյութերը հրակայուն չեն եղել, ինչը նպաստել է հրդեհի արագ տարածմանը:
Բացի դրանից՝ շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել են բամբուկե փայտամածներ, որոնք նույնպես արագ են բռնկվում և բարձր այրվողականություն ունեն: Շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն ձերբակալվել են: