Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն կսկսի իր պատժը կրել բանտում: Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմանն ու բողոքներին՝ նա դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի ընտրությունում պարտություն կրելուց հետո հեղաշրջման փորձը ղեկավարելու համար՝ գրում է BBC-ն։
Աջ ծայրահեղական առաջնորդը տնային կալանքի տակ էր օգոստոսից և կալանավորվել է շաբաթ օրը՝ իր էլեկտրոնային շղթան կոտրելու փորձից հետո։ Գերագույն դատարանը հայտարարել է, որ քաղաքական գործիչը սպառել է դատավճիռը բողոքարկելու բոլոր հնարավորությունները և պատիժը կկրի բանտում:
Ըստ դատավճռի՝ Բոլսոնարուն չի շփվելու դաշնային ոստիկանության շտաբում գտնվող մյուս մի քանի բանտարկյալի հետ։ Նրա 12 քառակուսի մետր տարածքով խցում կան մահճակալ, լոգարան, օդորակիչ, հեռուստացույց և սեղան։ Նա ազատ կհանդիպի իր բժիշկներին և փաստաբաններին, իսկ մյուսները ստիպված կլինեն ստանալ Գերագույն դատարանի թույլտվությունը։
Նախկին նախագահը և նրա մի քանի դաշնակիցները մեղադրվում են 2022 թվականի ընտրությունում նրա պարտությունից հետո բրազիլական ժողովրդավարությունը տապալելու փորձի համար: Դավադրությունը ներառում էր այն ժամանակվա ընտրված նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի, փոխնախագահ Ջերալդ Ալքմինի և դատավոր դե Մորաեսի սպանության ծրագրեր, ինչպես նաև 2023 թվականի սկզբին ապստամբություն հրահրելը։
Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել նաև մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ զինված հանցավոր կազմակերպություն ղեկավարելու և ժողովրդավարական իրավական համակարգը բռնի կերպով տապալելու փորձի համար։
Բոլսոնարուն միշտ պնդել է իր անմեղությունը և հերքել է ցանկացած մեղադրանք։