Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան այսօր հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։ Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։
«Երկուստեք ընդգծել ենք Հայաստան - Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։
Քննարկել ենք ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։
Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։
Քննարկել ենք նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր»,- գրել է Խուդաթյանը։