Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ և պարզաբանումներ է ներկայացրել Կիևում Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության հետ կապված միջադեպի վերաբերյալ՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Զրույցի ընթացքում նշվել է, որ Ռուսաստանի իրավասու մարմիններն ուշադիր ուսումնասիրել են նոյեմբերի 14-ին ադրբեջանական կողմից ստացված դիմումը՝ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքերին, գույքին և տարածքներին հասցված վնասի վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Միաժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կիևում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերի համալիրը, ամենայն հավանականությամբ, վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցների ոչ ճիշտ աշխատանքի, ենթադրաբար՝ Patriot հրթիռի ընկնելու հետևանքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ԱԳՆ տեղեկության՝ Գալուզինը վստահեցրել է, որ Դաշնության զորքերը հարվածներ հասցնելիս մանրակրկիտ ուսումնասիրում են Ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչությունների և քաղաքացիական օբյեկտների դիրքերը:
Գալուզինը պնդել է, թե «Ուկրաինայի ԶՈՒ ռազմական օբյեկտները հաճախ տեղակայում են բնակելի հատվածներին մոտ, ինչով վտանգի են ենթարկում խաղաղ բնակչությանը»:
Ռուսական կողմը շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատել ՌԴ 11 քաղաքացուն, որոնք Բաքվում ձերբակալվել են այս տարվա հունիսի 30-ից հուլիսի 1-ը: Ըստ Մոսկվայի՝ այդ քայլը կդիտարկվի որպես նշանակալի քայլ՝ երկկողմ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։
Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի հնարավոր աջակցությանը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին: «Քննարկվել են նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքի պահպանման հարցերը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը։