ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը ձեռք է բերվել իր ջանքերի շնորհիվ։
«Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչպիսին եղել է, երբ ես ստանձնեցի պաշտոնը»,- ասել է Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի պատվին կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ՝ նշելով, որ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել «երեք հազար տարվա ընթացքում»։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ գրեթե բոլոր երկրները կցանկանային միանալ Գազայի խաղաղության խորհրդին, որը կստանձնի անկլավի արտաքին կառավարումը։ Խորհուրդը կղեկավարի Թրամփը։
«Այդ խորհուրդը մեծ կլինի, քանի որ այն կներառի բոլոր խոշոր տերությունների ղեկավարներին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ ներկայումս Գազայի հատվածում իրավիճակն անկայուն է, բայց հավելել է, որ այնտեղ տեղի են ունենում միայն «փոքր անկարգություններ», որոնք շարունակվում են արդեն «տասնամյակներ», և վստահություն է հայտնել, որ «իրավիճակն արդեն մոտ է բարելավմանը»: