Չորեքշաբթի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ հետ է կանչում Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցչության աշխատանքի թույլտվությունը:
Արտգործնախարարն այդ որոշումը կապել է վերջին երկաթուղային միջադեպերի հետ։ Նա հավելել է, որ եթե նման միջադեպեր կրկնվեն, «կկայացվեն հետագա որոշումներ»։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ հայտնաբերվել է Լեհաստանում երկաթգծերի պայթեցման մասնակից Ուկրաինայի երկու քաղաքացի, որոնք «երկար ժամանակ համագործակցում են ռուսական հետախուզության հետ»: Ըստ տեղեկության՝ նրանք հասցրել են հանրապետության տարածքը լքել՝ «Տերեսպոլ» անցակետով անցնելով Բելառուս:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Լեհաստանի որոշումը ոչ մի կերպ հիմնված չէ առողջ բանականության վրա, և Մոսկվան ափսոսում է դրա համար՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Մոսկվան կարձագանքի Գդանսկում իր գլխավոր հյուպատոսության փակմանը՝ կրճատելով Լեհաստանի դիվանագիտական ու հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում։